Թանեայի պուրակ։ Կենդանի հարգանքի տուրք Թանեա Շիշմանյանին (1960-2021)

Նորություններ
7 October 2025

Երևանի բուսաբանական այգու վառ կանաչապատ տարածքի 65 000 քառակուսի ոտնաչափ մակերեսով հատվածն այժմ կրում է հատուկ անուն։ 

Ծաղիկներով, ծառերով և ոլորապտույտ արահետներով լի Թանեայի պուրակը կենդանի հարգանքի տուրք է նրա՝ ծառայության և հոգատարության վրա հիմնված կյանքին։ Պուրակում քայլելիս կարելի է զգալ նույն իմաստալից ջերմությունը, որը ճառագում էր Թանեա Շիշմանյանը։ 

Թանեան իր կյանքի մեծ մասը նվիրել է Հայաստանի և աշխարհի միջև կամուրջներ կառուցելուն, հատկապես որպես Հայ կամավորների միության (ՀԿՄ) գործադիր տնօրեն՝ 2011-ից մինչև 2021 թվականի իր անժամանակ մահը։ Նա օգնել է հարյուրավոր մարդկանց գտնել իրենց տունն ու նպատակը Հայաստանում՝ ընդունելով նրանց ոչ թե որպես զբոսաշրջիկների, այլ որպես ընտանիքի։ Թանեան ղեկավարում էր նրբագեղության և մանրուքների նկատմամբ հազվագյուտ ուշադրության համադրությամբ. նա պարզում էր յուրաքանչյուր կամավորի կարիքը, անձամբ ողջունում էր նոր ժամանածին և հիշում բոլորի պատմությունները։



Ծառայության և նվիրումի կյանք 

Թանեան ծնվել է Վանկուվերում 1960 թվականին, մեծացել է Մոնրեալի եռալեզու հայկական ընտանիքում: Այս բազմաշերտ ինքնությունը նրան թույլ է տվել հեշտությամբ ինտեգրվելտարբեր համայնքներում։ 

Նա աշխատել է Վաշինգտոնում՝ օգնելով ապահովել ԱՄՆ-ի կոմղի միլիոնավոր դոլարների աջակցություն  հետխորհրդային Հայաստանին: 1994-ին իր առաջին այցի ժամանակ նա տեսավ մի երկիր, որը պայքարում էր, բայց լի էր ոգով։ Շատերը հեռանում էին, իսկ նա ընտրեց վերադառնալը։ 

2009 թվականին նա և իր ամուսինը՝ բալետի հայտնի վարպետ Ռուդոլֆ Խառատյանը, երկու տարով տեղափոխվեցին Երևան, բայց Հայաստանը դարձավ նրանց մշտական ​​տունը: Դրանից կարճ ժամանակ անց Թանեան ստանձնեց ՀԿՄ-ի ղեկավարումը և սկսեց իր կյանքի գործը։ Նրա ղեկավարությամբ ՀԿՄ-ն դարձավ վստահության խորհրդանիշ. կամավորներ եկան ավելի քան 50 երկրից, ծառայեցին տարբեր ոլորտներում, նրանցից շատերը մնացին ընդմիշտ: Թանեայի համար ծառայությունը երբեք պարզապես աշխատանք չէր, այլ մարդկանց, հաստատությունների և հենց Հայաստանի աճի համար պայմանների ստեղծում։

Թանեան քաջատեղյակ էր երկրի մարտահրավերների մասին, բայց նա հրաժարվում էր թերահավատ լինել։

«Հայաստանի ամենամեծ հարստությունն իր ժողովուրդն է»,– հաճախ էր ասում նա։ 
Նա հավատում էր, որ ամեն ինչ բարելավում են ջանքի, ոչ թե միայն լավատեսության շնորհիվ. նրա նվիրումը երբեք չթուլացավ։ 

Ռուդոլֆի հետ միասին նա հիմնադրեց «Բալետ 2021» հիմնադրամը՝ սատարելով Գյումրիում մշտապես գործող արվեստի կենտրոն ունենալու երազանքին։ 

Թանեայի համար արվեստը և քաղաքացիական ծառայությունը նույն նախագծի երկու կողմերն էին՝ օգնել Հայաստանին ծաղկել։

Tania Chichmanian at Genocide Memorial Institute (2018-2)
Համայնքային ծառայության ծրագիր Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, 2018
Tania Chichmanian at Genocide Memorial Institute (2018)
Համայնքային ծառայության ծրագիր Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, 2018
Tania and staff in 2018
Հայ կամավորների միության և «Դեպի Հայք»-ի աշխատակազմը, 2018
Wellness hike with AVC & Birthright Armenia staff (2)
Առողջության քայլարշավ HIKEArmenia-ի հետ, 2021
Wellness hike with AVC & Birthright Armenia staff
Առողջության քայլարշավ HIKEArmenia-ի հետ, 2021


Զարգացման պուրակ

Բազմաշերտ լանդշաֆտային ձևավորմամբ Թանեայի պուրակը զգայական է, այն խրախուսում է փոխազդեցությունը, խոտաբույսերի և բուժիչ բույսերի առատ տարածք է, ինչպես նաև ունի գեղեցիկ ձևավորված փայտե խաղահրապարակ, որը ժամանակակից է իր դիզայնով, բայց անժամանակ՝ իր զգացողությամբ: 

Չնայած Թանեան սեփական երեխաներ չուներ, նա յուրաքանչյուր կամավորի, յուրաքանչյուր այցելուի և յուրաքանչյուր ընկերոջ վերաբերվում էր ինչպես իր ընտանիքի անդամի։ Խաղահրապարակն այժմ այդ ոգու շարունակությունն է թվում. մի վայր, որտեղ երեխաների ձայները բարձրանում են՝ արձագանքելով այն ուրախությունն ու ջերմությունը, որը Թանեան կրում էր իր աշխատանքի յուրաքանչյուր մասում։ 

Պուրակը շատ մտերմիկ է, լի տեղական բույսերով և ոլորուն արահետներով։ Դիզայներական թիմը սերտորեն համագործակցել է ՀԿՄ աշխատակիցների և կամավորների հետ, որ տարածքը լինի ոչ միայն գեղեցիկ, այլ նաև անձնական։ Յուրաքանչյուր մանրուք՝ մտորումների համար նախատեսված փոքրիկ նստարանից մինչև շատրվան տանող քարե արահետ, ընտրվել է ուշադրությամբ: Պուրակը վայր է և՛ զուսպ, և՛ կյանքով լի. ճիշտ այնպես, ինչպես ինքը՝ Թանեան:

Թանեային ճանաչած և նրա հետ աշխատած մարդկանց համար պուրակը նրա ոգու իսկական արտացոլումն է։ Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի Հայաստանի գործառնությունների թիմի ղեկավար Լինդա Եպոյանը պուրակը նկարագրել է որպես արժանի հարգանքի տուրք։

«Թանեայի պուրակը ցուցադրում է ամենը, ինչ նա սիրում էր՝ ծաղիկներ, երեխաներ, բուժիչ խոտաբույսեր և կանաչ բաց տարածք», – ասում է Եպոյանը՝ անվանելով պուրակը Թանեայի կյանքի տոնակատարություն։ 

«Չնայած անցել է գրեթե չորս տարի, այստեղ լինելը մեզ բոլորիս հիշեցնում է, թե որքան անցողիկ է կյանքը և որքան շատ ենք նրան կարոտում», – նշում է նա։ 

Նույն հիացմունքը կիսում է նաև «Դեպի Հայք» հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Սևան Կաբակյանը, որը տարիների ընթացքում սերտորեն համագործակցել է Թանեայի հետ. «Թանեան առանձնահատուկ էր, բայց միևնույն ժամանակ համեստ, հավասարակշռված և բարի, չափազանց քաղաքավարի»։ Որպես քույր կազմակերպություններ՝ ՀԿՄ-ն և Դեպի Հայք-ը կիսում են մեկ առաքելություն և հաճախ աշխատում են ձեռք ձեռքի տված։ Եվ իր սկզբունքային և նվիրված ղեկավարության շնորհիվ Թանեան նպաստել է այդ գործընկերության ավելի իմաստալից դառնալուն։ 

Պուրակը ստատիկ հուշարձան չէ, այլ մի տարածք, որը կշարունակի զարգանալ, ինչպես այն մարդիկ և ծրագրերը, որոնց զարգացմանը նպաստել է Թանեան։ 

Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը նշում է, որ Հիմնադրամը պատիվ ունի աջակցելու պուրակին. «Այս նախաձեռնությունն արտացոլում է մեր վերաբերմունքը համայնքները զարգացնող և երկարատև ազդեցություն ապահոված մարդկանց նվիրված նախագծերին։ Մենք հպարտ ենք աջակցել այս տարածքին՝ ի հիշատակ Թանեայի, և հուսով ենք, որ նրա ծառայության և Հայաստանի հանդեպ սիրո ոգին կշարունակի ծաղկել այստեղ»։ 

Կենդանի հիշողություն և աճող ժառանգություն 

Թանեան մահացել է 2021 թվականի դեկտեմբերի 19-ին, 61 տարեկան հասակում՝ քաղցկեղի դեմ քաջ պայքարից հետո։ Նրա բացակայությունն առ այսօր զգում են նրան ճանաչածները, բայց Թանեայի ազդեցությունն ապրում է՝ նրա աջակցությամբ կյանքի իմաստ գտած կամավորների մեջ, գործընկերների, որոնց նա աջակցել է, համայնքներում, որոնց նա օգնել է ամրանալ։

Զբոսանքը Թանեայի պուրակում նրա ներկայության մասին հիշեցում է. սոճիների ճյուղերի ճոճը, նարդոսի բույրը, երեխաների և քամու միախառնված ձայները։ Այս տեղը ստեղծված է հիշողության համար, բայց նաև՝ շարժման։ Թանեան աջակցում էր մարդկանց աճին այգեպանի համբերատարությամբ և առատաձեռնությամբ։ Այժմ Հայաստանը նույն կերպ հոգատարություն է դրսևորում նրա մասին հիշողության հանդեպ։ 

Պուրակը կենդանի վայր է՝ լցված Թանեայի սիրով, բարությամբ և հիշեցմամբ. մեր՝ մարդկանց սրտերում ցանած սերմերը շարունակելու են աճել անգամ մեր մահից հետո։ 



______

Հարցազրույցներ.
Իմաստության խոսքեր Թանեա Շիշմանյանից, 2021
Կամավորություն. համայքների վրա ազդեցություն, կյանքերի փոփոխություն, 2020
Կամավորության «բաղադրատոմս», 2015